Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Խայտաբղետ պայքար՝ ապագա ԱԺ-ի մեկ երրորդում տեղավորվելու համար

Խայտաբղետ պայքար՝ ապագա ԱԺ-ի մեկ երրորդում տեղավորվելու համար
16.10.2018 | 01:09

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտից հետո ոչ պաշտոնապես տրվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Եթե մինչ այժմ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ինչ-որ չափով հայկական քաղաքական զարգացումները բաժանում էր տարբեր փուլերի, ապա այժմ, կարելի է ասել, թևակոխում ենք արտահերթ ընտրությունների ամենաակտիվ փուլ։ Առավել ևս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հայտարարվել են ընտրությունների ժամկետները, ինչպես նաև հրաժարականի հետ կապված նրա ծրագրերը (վարչապետը հրաժարական է ներկայացնելու մինչև հոկտեմբերի 16-ը)։
Իսկ ի՞նչ մեկնարկային պայմաններում է ՀՀ քաղաքական դաշտը թևակոխում ընտրական փուլ։ Այսօր քաղաքական օրակարգում ամենակարևոր հարցերից մեկը հենց դա է։ Քաղաքական դաշտն այսօր տրոհված է մի քանի մասի, որի մի հատվածն անընդհատ բարձրաձայնում է, որ քաղաքական կուսակցությունները պատրաստ չեն ընտրություններին, իսկ մյուս մասը հայտարարում է, որ քաղաքական ուժերը մայիսից արդեն պետք է նախապատրաստվեին ԱԺ արտահերթ ընտրություններին, քանի որ դրանց անցկացումն աներկբա էր։


Ըստ վերլուծաբանների մի մասի՝ քաղաքական ոլորտն ընդհանուր առմամբ գլոբալ վերաֆորմատավորման փուլում է գտնվում։ Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրենքի ընդունումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, ըստ էության, ստացվել է մի իրավիճակ, երբ ամբողջ քաղաքական ասպարեզը, ներառյալ խորհրդարանական ուժերը, կանգնեց մարգինալացման, լուսանցքում հայտնվելու վտանգի առջև։ Հոկտեմբերի 2-ի գործողությունը, որ բնույթով շատ նման էր 1991 թվականի Խորհրդային Միության ԳԿՉՊ-ին, ռևանշի հասնելու փորձ էր, բայց ռևանշի հասնելու փոխարեն խորհրդարանական ուժերը վերջակետ դրեցին պայքարում և, կատալիզատորի դեր խաղալով, բոլոր ինտրիգները զրոյացրին։


Հոկտեմբերի 2-ի նյարդային գործողությունների հիմք դարձավ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը։ Առանցքային խաղացողները՝ ԲՀԿ-ն, դաշնակցությունը, որոնք տասնամյակներ շարունակ սովոր էին, որ անկախ իրենց իրական վարկանիշից, հնարավորություններից, այնուամենայնիվ ներգրավվում էին ընդհանուր խաղի մեջ, այս անգամ, երբ վերջիններիս ձեռքից վերցվել էին վարչական, ֆինանսական, քարոզչական և այլ լծակներ, առաջին անգամ առերեսվեցին իրական վարկանիշի հետ և պարզապես շոկի մեջ ընկան։ Մյուս կողմից իշխանությունը, ընտրելով քաղաքական դաշտը «սև» ու «սպիտակի» բաժանելու մարտավարությունը, ռադիկալացրեց պայքարը, ընդ որում, այն պայմաններում, երբ միակ ընդդիմություն համարվող հանրապետական կուսակցությունն ընդհանրապես չէր մասնակցում ընտրություններին։ Ռադիկալացնելով պայքարը, դաշտը բաժանելով սև-սպիտակի («Քաղպայմանագիրը» «սպիտակ» միայն իրեն էր համարում)՝ ձայների կտրուկ տարանջատում տեղի ունեցավ։ Պայքարը գնաց հեղափոխության ու հակահեղափոխության միջև, և հեղափոխությունն էյֆորիկ ֆոնի վրա ստացավ իր 80 տոկոս ձայները, իսկ մյուսները իրենց, մեղմ ասած, համեստ տոկոսները, ինչը քաղաքական ուժերին պատին սեղմեց, և նրանց այլ բան չէր մնում, քան փորձել դիմադրություն ցույց տալ, որպեսզի ստիպեն Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին հաշվի նստել իրենց հետ ապագայի համար։ Եվ քանի որ խորհրդարանական կուսակցությունները չունեին որևէ ռեսուրս, ուստի իրենց ուժը փորձեցին ցուցադրել Ազգային ժողովում։


Այս պարագայում ՀՀԿ-ն ոչինչ չուներ կորցնելու. հասկանալի է, որ արտահերթ ընտրությունները երբ էլ լինեն՝ դեկտեմբերին թե մայիսին, եթե անգամ իշխանությունը հսկայածավալ մասշտաբների անուղղելի սխալներ անի, դժվար թե ՀՀԿ-ն դրանից դիվիդենդներ քաղի։ Եվ այն ֆոնին, երբ Փաշինյանն ԱՄՆ-ում հայտարարեց, որ գալիս է Հայաստան բանակցություններ սկսելու դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով, ՀՀԿ-ն, ըստ էության, փորձեց հասկացնել, որ իր հետ էլ է պետք հաշվի նստել։
Մոտավորապես նույնը ՀՅԴ-ի պարագայում էր։ Ինչպես ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները, ՀՅԴ-ն ունի այն վարկանիշը, որը ստացավ, ինչի մասին վերջին 5 տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնում էին վերլուծաբանները։ Սակայն Սերժ Սարգսյանի, իշխանությունների հետ համաձայնության գալով՝ նրանց հաջողվում էր հաղթահարել անցողիկ շեմը։ Այսպիսով՝ դաշնակցությունը նույնպես կորցնելու բան չուներ։ Բացի այդ, իր շարքերին հաշվետվություն տալու վտանգից ելնելով՝ փորձեց ինչ-որ խաղ ստեղծել, որպեսզի ստիպի իր հետ բանակցել։


Այլ իրավիճակ է ԲՀԿ-ի պարագայում։ Այս կուսակցությունն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեղափոխությունից հետո բավականին զգույշ քաղաքականություն էին վարում, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու քայլեր չարեցին ու հանկարծ մտան նշված գործընթացների մեջ։ Դա հավանաբար պայմանավորված էր նախ նրանով, որ Երևանի ավագանու ընտրություններում ստացած 6 տոկոս ձայները մեծ ցնցում էին Ծառուկյանի համար։ Բացի այդ, Ծառուկյանին էլ համոզեցին, որ օրենքի ընդունմամբ ու ստեղծված իրավիճակում միայն կարելի է Նիկոլ Փաշինյանին ստիպել հաշվի նստել իրենց հետ ու պայմանավորվել ապագայի համար։


Խորհրդարանական ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ հոկտեմբերի 2-ի գործողությունները, ըստ էության, նման էին արկածախնդրության։ Եվ այդ նախաձեռնության տապալումն ու քաղաքական դաշտի զրոյացումը հանգեցրին նրան, որ այսօր՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, ակնհայտ է, որ լինելու է քաղաքական մենաշնորհին նմանվող իրավիճակ, որը, զուտ սահմանադրական նորմից ելնելով, լրացվելու է այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Հայտնի է, որ Սահմանադրությունը պահանջում է, որ խորհրդարանի մեկ երրորդը լինի ընդդիմություն։ Այստեղ քաղաքական լիակատար մենաշնորհը բացառվում է, քանի որ մայր օրենքը դա թույլ չի տալիս։ Նույնիսկ այս պարագայում «ընդդիմություն» հասկացությունը պայմանական է, քանի որ այսօր միայն ՀՀԿ-ն է դիրքավորված ընդդիմադիր հատվածում, իսկ մնացած ուժերը չեն ցանկանում իրենց որևէ կերպ դիրքավորել ընդդիմության դաշտում։ Հոկտեմբերի 2-ի տապալված գործողությունից հետո ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ամենագլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանից գոնե «սև» ուժ չհամարվելու և «հակահեղափոխական» չպիտակավորվելու ինդուլգենցիա ստանալն է։ Գոնե այս դեպքում հնարավորություն են ունենում պայքարելու քիչ թե շատ տոկոս ստանալու համար։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած համաձայնագիրը այլ բան, քան Գագիկ Ծառուկյանի քաղաքական կապիտուլյացիա անվանել չի կարելի։ Դրա միակ նպատակն այն էր, որ ցույց տրվի, թե Ծառուկյանը հակահեղափոխական չէ ու որևէ գործողություն իշխանությունների դեմ չի ձեռնարկելու։ Նույն ինդուլգենցիան դաշնակցությունն է ցանկանում ստանալ, պարզապես ՀՅԴ-ն փորձում է շարունակել քաղաքական առևտուրը, քանի որ խնդիր ունի նաև իր շարքերի առջև՝ պահպանել դեմքը և կուսակիցներին բացատրել, թե ինչու է այս վիճակին հասել և ինչու է կապիտուլյացիայի գնում։
Ինչ վերաբերում է հանրապետական կուսակցությանը, ապա շատ վերլուծաբաններ կարծում են, որ ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակում գուցե որոշի ընդհանրապես չմասնակցել ընտրություններին։ Առավել ևս, իր վերջին քաղաքական հայտարարության մեջ ՀՀԿ-ն նման հող նախապատրաստում է։


Այսպիսով՝ քաղաքական ներկապնակում այսօր ունենք իշխանական կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը հնարավորություն ունի ԱԺ արտահերթ ընտրություններում ստանալու ձայների մեծամասնությունը, վերջինիս սահմանափակում է, թերևս, միայն Սահմանադրության նորմը։ Եվ կան մյուս քաղաքական ուժերը՝ ջլատված ու կոտրված վիճակում։ Բավականին թույլ ամբիցիաներ ունեցող խորհրդարանական ուժերից բացի, որոշակի ակտիվություն կա արտախորհրդարանական հատվածում, որտեղ լուրջ նկրտումներ է դրսևորում «Սասնա ծռերը»՝ հայտարարելով երկրորդ քաղաքական ուժ լինելու իր հավակնությունների մասին։ Կլինի՞ «Սասնա ծռերը» երկրորդ ուժ, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ «Սասնա ծռերը» իհարկե կունենա որոշակի տոկոս, ընդ որում՝ հանրության ծայրահեղական տրամադրություններ ունեցող հատվածի շնորհիվ։ Սակայն այդ տոկոսը չի կարող լինել շոշափելի, քանի որ հեղափոխության էյֆորիան և Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը նպաստում են, որ ծայրահեղ տրամադրված ընտրազանգվածը, որ կարող էր քվեն տալ «Սասնա ծռերին», ավելի մեղմ դիրքերից հանդես գա։


Ուշագրավ է ընտրական նոր օրենսգրքում ամրագրված դրույթը, ըստ որի պարտադրվում է խորհրդարանում ունենալ նվազագույնը չորս ուժ։ Սա նշանակում է, որ հնարավոր է՝ ԱԺ-ում հայտնվի քաղաքական ուժ, որը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Եվ այդ չորրորդ տեղում հայտնվելու հույսը մղում է նրան, որ ընտրություններում բավականին շատ մասնակիցներ առաջադրվեն։ Այդ տեղի համար կարող են պայքարի մեջ մտնել ինչպես այսօրվա խորհրդարանական ուժերը, այնպես էլ նախորդ ընտրություններից հետո լուսանցքում հայտնված արտախորհրդարանական կուսակցությունները, ինչպես նաև նորաստեղծ կուսակցություններ։ Շատ հնարավոր է, որ նորերին ավելի հեշտ լինի իրենց տեղը գրավել, քան վարկաբեկված հներին, քանի որ նորաստեղծ ուժերը, պատկերավոր ասած, ոչ թե մինուսից են սկսում իրենց գործունեությունը, այլ զրոյից։
Այսպիսով՝ բավականին խայտաբղետ պայքար է սպասվում ապագա ԱԺ-ի մեկ երրորդում տեղավորվելու համար։ Եվ հետաքրքիր է, թե այդ մեկ երրորդի ձևավորման շուրջ ինչ քաղաքականություն կվարի իշխանությունը. նախորդների նման կշարունակի շահագրգիռ կերպով իր համար կոմֆորտային ընդդիմությու՞ն ձևավորել, թե՞ այնուամենայնիվ կթողնի, որ առանց միջամտության մրցակցային միջավայր ստեղծվի։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ